1 հուլիսի 2021 - 10:31 AMT
Զորակոչիկները կարող են մասնակցել ՊՆ Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին

2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Մրցույթը հայտարարվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով։

Արհեստական բանականության խմբում ծառայության մրցույթին կարելի է մասնակցել հետևյալ ուղղություններից մեկով․

մեքենայական ուսուցում,

տվյալների ճարտարագիտություն,

տվյալների վերլուծություն և վիճակագրություն։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև հուլիսի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28: