Ռուբինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ լուծված չէ Արցախի հիմնահարցը

Ռուբինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ լուծված չէ Արցախի հիմնահարցը

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։

Բաքվից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ` ճանաչելով վերջինիս տարածքային ամբողջականությունը։

Ռուբինյանն ընդգծել է, որ արցախյան հակամարտությունը չի հանգուցալուծվել, հետևաբարԱրցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և այդ մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով գերիների հարցին՝ Ռուբինյանն ասել է, որ հայ ռազմագերիների վերջին խմբի վերադարձը միանգամյա գործողություն չէ, այլ գործընթաց, որը լինելու է շարունակական, հետևաբար հայկական կողմի համար այդ հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցություններն առաջնահերթություն են։

Խոսելով պատերազմից հետո անընդհատ շահարկվող Մեղրիի միջանցքի մասին, որին հաճախ անդրադառնում են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները՝ Ռուբինյանը պարզապես խորհուրդ է տվել լուրջ չվերաբերվել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին, որոնք զուտ իրենց ցանկությունն են հայտնում տվյալ հարցի կապակցությամբ։

«Աշխարհում չկա որևէ պետություն, որը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հղում չկա Սյունիքով կամ որևէ այլ հայկական տարածքով միջանցք բացելու մասին։ Հայտարարության համաստորագրող Ռուսաստանը նույնպես երբևէ չի խոսել միջանցքի մասին։ Աշխարհի այլ կենտրոններ երբևէ չեն խոսել միջանցքի մասին։ Եռակողմ հայտարարություն մեջ հստակ արձանագրված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը որպես համաձայնեցված հարց, իսկ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունն ավելի է բացում այդ կետը։ Այնտեղ պարզ գրված է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Որևէ խոսք որևէ միջանցքի մասին ՀՀ սուվերեն տարածքի մեջ չկա և չի կարող լինել, հետևաբար Հայաստանը երբեք այդ հարցը չի քննարկի»,– նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուսով է, որ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո դրական պատասխան կտան Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---