Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի զարգացման շատ վատնագավոր փուլ է սկսվում աշխարհում, որի պատճառը վարակի հնդկական «դելտա» շտամն է։
Նա պարզաբանել է, որ վարակի այդ տարատեսակը հայտնաբերվել է արդեն գրեթե 100 երկրում և ԱՀԿ-ն պետք է հետևի Covid-19-ի նոր մուտացիաներին և իր գործողություններն ադապտացնի ըստ այդմ, գրում է «Իզվեստիան»։
Ըստ Հեբրեյեսուսի, կարևոր է նաև ապահովել կորոնավիրուսի թեստավորումը․ նա հիշեցրել է անվտանգության միջոցների, այդ թվում դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ Նա կարևորել է նաև զանգվածային պատվաստումները։
Ավելի վաղ Հնդկաստանում հայտարարել են կորոնավիրուսի «դելտա-պլյուս» շտամի «կայծակնային» վարակելիության մասին։
Կորոնավիրուսի հնդկական շտամը հայտնաբերվել է 2021-ի մարտին։ Հետագայում առանձնացվել է 3 ենթատեսակ՝ B.1.617.1, B.1.617.2 և B.1.617.3, որոնք տաբերվում են մուտացիաներով։