17 մարտի 2009 - 17:19 AMT
Nabucco-ն չի ֆինանսավորվելու Եվրամիության բյուջեի առանձին գծից
Nabucco եվրոպական գազատարի շինարարությունը բացառվել է այն նախագծերի ցուցակից, որոնք Եվրամիության չծախսված միջոցների հաշվին առանձին գծից ֆինանսավորվելու են ենթակա: Նախնական շրջանում Nabucco-ի ֆինանսավորման համար առաջարկվում էր 250 միլիոն եվրո հատկացնել, որոնք այնուհետեւ կրճատվեցին մինչեւ 50 միլիոն: Նախագծի ընդհանուր արժողությունը մոտ 8 մլրդ եվրո է: Շինարարությունը ծրագրվում է ավարտել 2013թ., իսկ գազի մատակարարումները սկսել 2014թ.: Nabucco նախագիծը կոչված է դառնալու Թուրքիայի տարածքով անցկացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի շարունակությունը: Այն հաշվարկված է տարեկան 20-30 մլրդ խորանարդ մետր գազի հոսքի համար:

Nabucco-ն ներգրավված է «Հարավային գազային միջանցք» բաժնի մեջ, որը նախատեսում է մի ամբողջ շարք էներգետիկ նախագծերի իրականացում Եվրոպայի հարավում: ԵՄ 27 անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը չկարողացան հաղթահարել տարաձայնությունները եւ հավանություն տալ Եվրահանձնաժողովի ու ԵՄ-ում նախագահող Չեխիայի կողմից առաջարկված 5 մլրդ եվրոյի ֆինանսական խթանների փաթեթին, որի մեծ մասը նախատեսված է ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված նախագծերի, այդ թվում` Nabucco-ի իրականացմանը:

Գերմանիան նախկինում հայտարարել էր, որ անհրաժեշտ չի համարում հարկավճարների գումարները ծախսել Nabucco-ի կառուցման վրա, որը կոչված է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: ԵՄ առաջնային նախագծերի ցուցակից Nabucco-ի բացառման մասին որոշումն ընդունելիս հաշվի էին առել նաեւ մասնավոր ներդրողների վախերը, իսկ նրանք բարդություններ են կանխատեսում նախագծի իրականացման գործում` կապված Վրաստանի հակամարտության, գազային ճգնաժամի եւ «Հարավային հոսք» ռուսական նախագծի կողմից մրցակցության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արդեն մի տարի չէ, որ ընթանում են Nabucco-ի վերաբերյալ բանակցությունները, որոնց գլխավոր հարցերից մեկը հանդիսանում են մայրուղին գազով լցնելու երաշխիքները: Բանակցություններն ակտիվացվեցին այս տարվա սկզբին` այն բանից հետո, երբ բռնկվեց ռուս-ուկրաինական գազային հակամարտությունը:

Nabucco-ի համար որպես գազի պոտենցիալ մատակարարողներ հնչեցվում են Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Իրաքի անունները: Մայիսին Պրահայում տեղի կունենա Nabucco-ի մասնակից երկրների գագաթաժողովը