ՄԻՊ․ Ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են եղել ՀՀ ԶՈւ դեմ և տևել են մոտ 30 րոպե

ՄԻՊ․ Ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են եղել ՀՀ ԶՈւ դեմ և տևել են մոտ 30 րոպե

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի հուլիսի 5-ին ժամը 17-ի սահմաններում հնչած կրակոցներն ուղղված են եղել ՀՀ Զինված ուժերի դեմ, եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, ինտենսիվ և տևել են մոտ 30 րոպե: Կրակոցները պարզ լսվել են սարատեղիներում և Վերին Շորժա գյուղում:Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

ՄԻՊ աշխատակազմը պարզել է, որ խոսքը նրանց տեղակայման այն դիրքերից կրակոցների մասին է, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Նշվում է, որ կրակոցներն ապացուցում են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ այդ տարածքները Վարդենիս համայնքի արոտավայրերն են, որտեղ նաև գտնվում են մարդկանց բնակության վայրերը՝ սարատեղիները:

Գարնան, ամառվա և աշնան ամիսներին այդ սարատեղիներում մարդիկ բնակվում են ընտանիքներով, այդ թվում՝ երեխաների հետ, և զբաղվում են անասնապահությամբ: Այդ վայրերում են համայնքների բնակիչները զբաղվում նաև հողագործությամբ:

«Ադրբեջանական կրակոցների պատճառով քաղաքացիական բնակիչներն նշված տարածքները կա՛մ ընդհանրապես չեն կարողանում օգտագործել, կա՛մ օգտագործումը խիստ սահմանափակված է: Ընդ որում, այդ տարածքների նկատմամբ համայնքների բնակիչներն ունեն ՀՀ իրավասու մարմինների օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներ:

Ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար կատարում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի համայնքների հարևանությամբ կամ բնակիչների նկատմամբ:

2021թ. հուլիսի 5-ի կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ արարքներն ուղղված են նաև ՀՀ բնակիչներին սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է:

«ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը»,-ասվում է հայտարարության մեջ

Ադրբեջանական կրակոցների փաստը նաև պաշտոնական հայտարարությամբ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հրահրած հրաձգության արդյունքում թեթև վնասվածք է ստացել ՀՀ զինծառայող:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---