ԱԽ քարտուղար․ ՀԱՊԿ-ի հայտարարությունները որոշակիորեն ազդել են Վերին Շորժայում ադրբեջանցիների սադրանքի վրա

ԱԽ քարտուղար․ ՀԱՊԿ-ի հայտարարությունները որոշակիորեն ազդել են  Վերին Շորժայում ադրբեջանցիների սադրանքի վրա

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի մոտ ադրբեջանցի զինծառայողների կրակոցներին, ասել է, որ Վերին Շորժայում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի որոշ հայտարարությունները։

Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Իսկ այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր այնտեղ չկան, կրակոցներ չկան։ Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել էր Զասը։

«Զասի հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդել և Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս»,– ասել է նա։

ԱԽ քարտուղարը փխրուն է որակել սահմանյին իրավիճակը և հայտնել որ ՌԴ հետ բանակցություններ են տարվում ռուսական սահմանապահ ուժեր տեղակայելու շուրջ, որպեսզի նման միջադեպերը հնարավոր լինի կանխել։

«Հուսով ենք, որ այն տարածքներում, որտեղ մայիսի 12-ից ճգնաժամ է առաջացել, ռուսական սահմանապահ զորքեր կտեղակայվեն, կլինի սահմանազատում և սահմանագծում»,– հավելել է նա՝ նշելով, որ խոսքը Սև լճերից մինչև Վերին Շորժա հատվածի մասին է։

Գրիգորյանը նաև կարևորել է ՀԱՊԿ քարտուղարության այցի կազմակերպումը Հայաստան։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարվելիք այցին՝ Գրիգորյանն ասել է, որ օրակարգում նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն են, սահմանային իրավիճակը և հայ-ռուսական հարաբերություններիր զարգացումը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---