17 մարտի 2009 - 18:41 AMT
Los Angeles Times. Օբաման չի վճռում կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումը
ԱՄՆ վարչակազմը տատանվում է Հայոց ցեղասպանության ճանաչման Բարակ Օբամայի խոստումը կատարելու եւ Թուրքիան իր դեմ տրամադրելու վախի միջեւ, երբ Միացյալ Նահանգներին հարկավոր է նրա օգնությունը, գրում է The Los Angeles Times-ը:

«Նախագահ Օբաման եւ վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացան պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել 1915թ. հայերի զանգվածային սպանությունները օսմանյան թուրքերի կողմից: Ամերիկյան հայերը, որոնք հանդիսանում են զոհերի եւ վերապրածների ժառանգները, երկար են սպասել այդպիսի հայտարարության»,- գրում է հոդվածի հեղինակ Պոլ Ռիչտերը:

Ներկա պահին, նրա կարծիքով, ամերիկյան վարչակազմը Անկարայի օգնությունն է փնտրում Աֆղանստանի, Իրաքի, Իրանի եւ անվտանգության ոլորտի այլ հարցերում, մինչդեռ Թուրքիան հանդես է եկել զգուշացմամբ, որ ԱՄՆ պաշտոնական հայտարարությունը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի աջակցությունը:

Ամերիկյան հայերը Սպիտակ Տանը կոչ են անում ընդունել հռչակագիրը ապրիլի 24-ին` Զոհերի հիշատակի օրը: Կոնգրեսում նրանց կողմնակիցները նույնպես մտադիր են մոտ ժամանակներս ներմուծել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ: Ապրիլի 5-ին Բարակ Օբամայի սպասվող այցը Թուրքիա ռիսկի գործոն է դառնում ԱՄՆ վարչակազմի համար, ենթադրում է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պերրիսը: «Նախագահի այցն այստեղ բարձրացնում է խաղադրույքները»,- նշել է Պերրիսը` ներկայումս Թուրքիայի Բրուկինգսի Ինստիտուտի ծրագրի համախագահը:- Այժմ արդեն դա չի կարող աննկատ մնալ... Դա կանդրադառնա նրա հանդեպ վստահության վրա»: