Մարկ Գրիգորյան․ ՀՀ-ում տրված AstraZeneca-ի QR կոդը ԵՄ-ում չեն ճանաչում

Մարկ Գրիգորյան․ ՀՀ-ում տրված AstraZeneca-ի QR կոդը ԵՄ-ում չեն ճանաչում

PanARMENIAN.Net - Հայտնի լրագրող և հաղորդավար Մարկ Գրիգորյանը, պատմելով արտերկիր մեկնելու իր մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ինքն ընկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ-ում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։

«Որոշել էի մեկնել Նորվեգիա՝ դստերս և թոռներիս մոտ։ Նորվեգիան ընդունում է պատվաստվածներին։ Բայց․․․ Բայց դա պետք է լինի Եվրոպայում ճանաչված պատվաստում։

Կարծես թե, ի՞նչ խնդիր։ AstraZeneca-ն Աֆրիկայում էլ է AstraZeneca։ Պարզվեում է, որ ոչ։ Հայաստանում ստացած QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։

Կարծես թե , հարցը հեշտ լուծում ունի (չէ որ AstraZeneca-ն Անտարկտիդայում էլ է․․․), և ես զանգահարեցի ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։

«Թեժ գծի» հեռախոսները չեն պատասխանում։

Օգտվելով այն հանգամանքից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է առողջապահության նախարարության հետ նույն շենքում, ես դիմեցի այնտեղ (ինչպես ինձ ասացին՝ «թեժ գծի» աշխատակիցները սուրճ էին խմում)։

Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է այդ QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, հազիվ թե ինչ-որ մեկին հետաքրքրում են)։

Դրան հաջորդեց սովորական բյուրոկրատական ընթացքը՝ ընկերությունից ինձ ուղարկեցին ԱՆ, այնտեղից չգիտես ինչու լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed և առողջապահության նախարարություն։

Շրջանն ամբողջացավ։ Իսկ երբ դա տեղի ունեցավ, ինձ խորհուրդ տվեցին դիմում գրել առողջապահության նախարարին։ Կեցցե՛ նոր բյուրոկրատիան»,-գրել է նա։

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88,164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66,491, երկրորդ դեղաչափ` 21,673։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Photo. Reuters
 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է