8 ընկերություն Ինժեներական քաղաքի ռեզիդենտության հավաստագիր է ստացել

8 ընկերություն Ինժեներական քաղաքի ռեզիդենտության հավաստագիր է ստացել

PanARMENIAN.Net - 8 ընկերություն Ինժեներական քաղաքի ռեզիդենտության հավաստագիր է ստացել։ Այդ ընկերություններն են՝ «Եիա Ինժեներինգ», «Հայլինք Թեքնոլոջիզ», «Ինսօլ, «Ինտեգրատոր», «Ինժեներական Պլազա», «Վան Թեքնոլոջիս», «Ուրարտու Սիստեմս», «Փրոջեկտ Ինտեգրեշն»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցել է Ինժեներական քաղաքի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը:

«Հատկապես մեր գիտնականների և ինժեներների մտքի շնորհիվ մենք ունենք ինժեներական ճշգրիտ ճարտարագիտական շարժում, որի արդյունքի մի փոքր մասն այստեղ է: Եվ հենվելով այս հիմքի վրա՝ մենք սկսում են նոր շարժում, նոր գործընթաց, նոր ծրագիր, նոր ռազմավարություն, որը կոչվում է բարձր տեխնոլոգիական արտադրություն: Տասը տարի հետո մենք պետք է գնանք հաջորդ հանգրվանին, որը պետք է վերաբերի գիտությանը և գիտահետազոտությանը: Առաջիկա տարիներին մեր ամենամեծ ջանքերը ուղղված են լինելու կրթությանը. ՀՀ-ում ճարտարագիտական և բնագիտական կրթությունը պետք է լինի լիարժեք անվճար»,- նշել է Հայկ Չոբանյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով: Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։

Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

«Ինժեներական քաղաքի» մոտ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց¬վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---