17 մարտի 2009 - 19:01 AMT
ԼՂՀ ԱԳՆ. ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ոչ մի սենսացիա չկա
Ցանկացած երկրի ներկայացուցչություն արտասահմանում ֆինանսավորվում է պետության կողմից, եւ ԱՄՆ Արդարադատության նախարարության հայտարարության մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախկին ղեկավար Վարդան Բարսեղյանը: «Ժամանակ առ ժամանակ մենք աշխատում ենք հասարակայնության հետ կապերի գծով մասնագետների հետ: Դա սովորական դիվանագիտական փորձառություն է»,- ընդգծել է Բարսեղյանը:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ում օտար երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձանց շահերը ներկայացնող լոբբիստական ընկերությունների գործունեության մասին զեկույցը: Դրանում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը $103.5 հազար է փոխանցել Office of the Nagorno Karabakh Republic in the USA կազմակերպությանը Վաշինգտոնի միջանցքներում, հասարակայնության եւ ԶԼՄ հետ կապերի կարգավորման, խաղաղ գործընթացի կարգավորման խնդրին առնչվող տեղեկատվական նյութերի տարածման համար: Բացի այդ, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանից չնշված գումար է ստացել նաեւ հասարակայնության հետ կապերի ոլորտում մասնագետ Ուլիյամ Սպենսերը, որը գործում է` ելնելով Լեռնային Ղարաբաղի շահերից, գրում է Washington ProFile-ը: