Մասիսի ոսկու վերամշակման գործարանը զարգացման լուրջ հեռանկարներ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Մասիսի ոսկու վերամշակման գործարան, շրջել արտադրամասերում, ծանոթացել «ԱՍՍԱԹ» ընկերության կողմից վերջերս գործարկված ձեռնարկության արտադրական կարողություններին, զարգացման հեռանկարներին, աշխատանքային պայմաններին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը վարչապետին ներկայացրել է, որ 1999թ. հիմնադրված ընկերությունը զբաղվում է հանրապետության մի շարք հանքային դաշտերի հետախուզման եւ պաշարների հաշվարկման, դրա հիման վրա հարստացուցիչ գործարանների կառուցման ու պղնձի, ոսկու եւ այլ մետաղների շահագործման գործունեությամբ: Մասիսի ոսկու վերամշակման գործարանն այդպիսի նախագծերից մեկն է, որն արդեն փորձարկվել է եւ ունի զարգացման լավ հեռանկարներ: Գործարանն արդեն իսկ ստեղծել է 20 աշխատատեղ, մոտակա 2 ամսում կստեղծվի եւս 15-20-ը` 150 հազար նվազագույն աշխատավարձով:



Լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում լուրջ դժվարություններ են ստեղծվել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, մինչդեռ ոսկերչության բնագավառում, ընդհակառակը, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից փորձում են օգտվել մեր ձեռներեցները: Մասիսի ոսկու վերամշակման գործարանը, ըստ նրա, այդպիսի հաջողված նախաձեռնություններից է, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ համապատասխանում է արդի ստանդարտներին: Վարչապետը նշել է, որ տեղական հումքի վրա մասնագիտացող նման ձեռնարկությունների աշխատանքը չափազանց կարեւոր է եւ պատահական չէ, որ Երեւանի ոսկերչական գործարանի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան այս գործարանի պատրաստի արտադրանքն ամբողջությամբ ձեռք բերելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---