Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ ցույց է եղել

Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ ցույց է եղել

PanARMENIAN.Net - Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի մի խումբ անդամներ բողոքի ցույցի են դուրս եկել Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ։

Հուլիսի 12-ին նախատեսված է ցանկապատել տվյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքի տարածքը, որպեսզի սկսվեն քանդման աշխատանքները: Հուշարձան-շենքն ապամոնտաժվելու է՝ տեղում կկառուցվի բազմաֆունկցիոնալ շենք, որի 9 հարկանի հատվածը լինելու է հուշարձանի տարածքում, գրում է «Առավոտը»։

Շենքն ընդգրկված է 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրի մեջ։

Ցուցարարները հավաքվել էին այդ հասցեում՝ նշելով, թե անկախ այն բանից, որ պահպանվելու է ֆասադը, շենքի ապամոնտաժումն անթույլատրելի է։

«Հուշարձանը քանդելու ոչ մի արդարացում ընդունելի չի, հուշարձանը մենակ ֆասադը չի կամ մի քանի մետրը, այլ կառույցն իր ամբողջականությամբ»,-նշել են ցույցի մասնակիցները:

Շենքի կառուցապատողը «Կաէռ Մայնինգ» ընկերությունն է: ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ Արման Մկրտչյանը, որը եկել էր հանդիպելու բողոքի ցույցի մասնակիցներին, ասել է, որ քաղաքապետարանն արդեն տրամադրել է Ճարտարապետա-շինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տարածքի քանդման աշխատանքները։ Նա հավելել է, որ ցանկապատելու են տարածքը:

Մկրտչյանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ցույցի մասնակիցներին, միայն ցուցադրել է հեռախոսում առկա շինարարական նախագիծը: Նրա պնդմամբ, որևէ հարկ չի ավելանալու հուշարձան-շենքին, իսկ շենքի պատմամշակութային մասն ընդամենը ֆասադային 6 մետր հատվածն է, որը պահպանվելու է, իսկ մնացածը կավային հատվածն է։

Կառուցապատողը խոստացել է այլ փաստաթղթերը ներկայացնել հուլիսի 13-ին։

«Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն Երևանի 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսիի կառուցապատողներից մեկն է: Նրա երեք լոտերից մեկը գտնվում է Հանրապետության 46 hասցեում:

Լուսանկարը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---