Պապիկյան․ ՀՀ գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է, նաև էներգետիկ խնդիր է գումարվել

Պապիկյան․ ՀՀ գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է, նաև էներգետիկ խնդիր է գումարվել

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սակավաջրության խնդրին, հայտարարել է, որ 2021-ին Հայաստանի գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80%-ով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը», - ասել է Պապիկյանը։

Նա հիշեցրել է, որ 2021-ին Մեծամորի ատոմակայանն ամենաերկար կանգն է արել։

«Այս պայմաններում մեր հնարավորություններն էներգետիկ առումով բավականին բարդ են: Տարբեր ուղղություններով անջատումները բերում են պոմպերի խափանման ու նաև բազում ճգնաժամերի, որը փորձում ենք կառավարել», - նշել է նախարարի պաշտոնակատարը։

Պապիկյանը նշել է, որ Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։

Հանձնաժողովի նախագահն է ինքը՝ Պապիկյանը:

«Այդ հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի կարողանանք առկա երաշտի պայմաններում մարդկանց ջրի հասանելիությունն ապահովել, ինչպես նաև մեր ունեցած ռեսուրսը ճիշտ օգտագործել», - ասել է Պապիկյանը։

Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ այս փուլում ջրի խնդիր ունեն ոչ միայն ոռոգելի տարածքները, այլև այն տարածքները, որոնք նախկինում ոռոգելի չեն եղել, իսկ առկա ջրային ռեսուրսը չի կարող ապահովել և մեկը, և մյուսը:

«Սա է պատճառը, որ դժգոհություններ կան, որն օբյեկտիվ է, բայց մենք պետք է համատեղ ջանքերով փորձենք այն կառավարել»,- եզրափակել է Պապիկյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---