Դեսպանների՝ օկուպացված Շուշի այցի փաստով ԱԳՆ են կանչվել ՀՀ-ում հավատարմագրված դիվներկայացուցչությունների ղեկավարները

Դեսպանների՝ օկուպացված Շուշի այցի փաստով ԱԳՆ են կանչվել ՀՀ-ում հավատարմագրված դիվներկայացուցչությունների ղեկավարները

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-10-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ ԱԳՆ են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ ՀՀ-ն բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները։

Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ դիվանագիտական ներկայացուցիչների ներգրավումը նմանօրինակ այցելություններին հակասում է ՀՀ և տվյալ երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը։ Այս տեսակետից Հայաստանը հաստատակամորեն կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են արդարացնել ուժի կիրառումը և դրանով իսկ խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։

«Ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնել է նաև քայլեր՝ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումը հասցնելու այն երկրների մայրաքաղաքներին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Հայաստանում հավատարմագրել են համատեղության կարգով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանները չեն ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերը և հրաժարվել են այցելել Շուշի։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ այցը Շուշի կազմակերպվել էր Ալիևի անձնական հանձնարարությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրում այն հանագամնքի վրա, որ այցից հրաժարվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհ երկրները և «տարօրինակ» անվանում այդ «համաձայնեցված որոշումը»։

40-ից ավելի երկրների դեսպաններ ընդունել են հրավերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---