Երեւանում ավարտվել է «Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի մրցանակի եզրափակիչ փուլը

PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության «Գործիքային կատարում» անվանակարգում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցեցին առաջին փուլը հաղթահարած կատարողները` «Լինոս» լարային քառյակ (ջութակ` Ջեմմա Աբրահամյան, Լուսինե Աղաբաբյան, ալտ` Լիլիթ Մխիթարյան, թավջութակ` Աշխեն Գասպարյան), դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, ջութակահարուհի Մերի Խոջայանը, Մանե Հարությունյանը (հոբոյ) եւ Նարեկ Հարությունյանը (կլարնետ): Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 15-ին, երբ Հանրապետության նախագահը կհաստատի ժյուրիի կողմից ներկայացրած թեկնածուին, որին էլ կհանձնվի մրցանակը:





Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը շնորհվում է 2005 թ.-ից` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության ու գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողներին շնորհվում է վկայագիր, շքանշան եւ 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագրի համակարգման եւ կազմակերպչական աշխատանքները կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:





«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանի հավաստմամբ` այս մրցույթային ծրագրերի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի հայտնաբերել ու հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք առաջիկայում կհանդիսանան մեր մշակույթի դեսպաններն արտերկրում եւ օտար հանդիսատեսին կգերեն իրենց յուրահատուկ կատարումներով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---