Փաշինյան․ Հստակ է՝ հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը

Փաշինյան․ Հստակ է՝  հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին։

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ «Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը»,-ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ է արվում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո, հայտնի սկզբունքների հիման վրա։

«Կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ ու որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության հիմքում, 3-ն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպասռնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն։ Համանախագահների այս հայտարարությունը որ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ ու Հայաստանը ողջունել է այս առաջարկը»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը լավ կանի՝ ապակառուցողական գործողությունների ու հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։

Փաշինյանը նշել է նաև, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, մինչդեռ իրականությունը ուղիղ հակառակն է։

«Այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատմանն ու սահմանագծմանը, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքների մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանն ասել է, որ և միջազգային հանրությունը, և Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

«Այն է՝ այդ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և ՀՀ, և Ադրբեջանի ԶՈւ հայելային հետ քաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծին ռուս սահմանապահների, կամ միջազգային դիտորդների տեղակայում, «և միջազգային դիտորդների հովանու ներքո սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը, որին Բաքուն որևէ կերպ չի արձագանքել, շարունակում է մնալ ուժի։

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։

«Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, ինչը տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է։ Անկախ ամեն ինչից, Հայաստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Փաշինյանը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---