15 հուլիսի 2021 - 14:28 AMT
Թագուհի Թովմասյան․ 132 պատգամավորից քանի՞սն են գնում մարզեր, որ ուզում են 200,000 դրամով ավելացնել այդ գումարը

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով խորհրդարանում քննարկվող պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագծին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 7-րդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից:

«Եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200,000 դրամով»,-գրել է նա։

Թովմասյանը նշել է՝ որքան էլ զարմանալի կարող է թվալ, հետպատերազմական շրջանում խորհրդարանը չկարողացավ համարժեք արձագանքել Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրողություններին։

«Հետպատերազմական փուլում խորհրդարանական երկրի Ազգային ժողովը պետք է օգտագործեր իր ողջ գործիքակազմը` Արցախի ժողովրդի անվտանգ գոյության ապահովմանը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի և Հադրութի և մյուս բնակավայրերի դեօկուպացիայի անհրաժեշտությանը վերաբերող իրավաքաղաքական գնահատականներ տալու, և դրանք միջազգային ասպարեզ հասցնելու նպատակով։

Ցավոք հետպատերազմական խորհրդարանը Արցախի վերաբերյալ անթույլատրելի լռություն էր պահպանում։ Եվ այդպես էլ ոչ մի հրատապ հարց, երկիրը ճգնաժամից հանելու գրեթե ոչ մի նախագիծ չընդունեց»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը հիշեցրել է, որ «Արցախ» նախաձեռնության անդամներով փորձել են ԱԺ հայտարարության նախագծով արտահայտել քաղաքական դիրքորոշում և ներկայացնել համապատասխան իրավական հիմքեր։

«Հետպատերազմական շրջանում կեղծ խաղաղասիրության թեզեր ենք լսում մի շարք պաշտոնյաների կողմից, իսկ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով խոսում է Զանգեզուրի, Երևանի, Սևանի՝ իրենց պատմական հողեր լինելու մասին և խոստանում վերադառնալ։

Եվ այս իրավիճակում, երբ ի թիվս Սյունիքի, Գեղարքունիքի դեպքերի, այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ենք զոհ ունենում, երբ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք և չի հեռանում, երբ զինվորը տարրական պայմանների խնդիր ունի ծառայության ընթացքում, երբ անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, երբ տարածաշրջանում ազդեցության համար խոշոր խաղացողների կատաղի պայքար է ընթանում, Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում է իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ պատգամավորական գործունեության համար հատկացվող 50,000 դրամը 250,000 դրամ դարձնելու վերաբերյալ։

Մի՞թե չեք կարողանում առաջնայինը հազարերորդականից տարբերակել ․․․»,-գրել է Թովմասյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հուլիսի 15-ին հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվում է է պատգամավորների ամսական ծախսերը 50,000 դրամից 250,000 դրամ դարձնելու հարցը։

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթում քննարկվելիք պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագծին կոչ է8 արել այն մերժել կան հետ կանչել և հավելել է, որ ինքը չի մասնակցի նիստին։