15 հուլիսի 2021 - 14:56 AMT
Պատգամավորների ամսական ծախսերը 5-ապատկելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

Օրինագծով նախատեսվում է պատգամավորական ամսական ծախսերը 5-ապատկել՝ 50,000 դրամի փոխարեն սահմանել 250,000 դրամ։

Նախագծի հեղինակներն են իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը:

Նախագիծը ներկայացնող Վիկտոր Ենգիբարյանն ասել է, որ ամսական 50, 000 դրամը բավարար չէ մարզեր այցի վառելիքի ծախսերի համար, ուստի՝ փոփոխությունները միտված են ուժեղացնելու պատգամավորական ինստիտուտը:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նիստին։

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթում քննարկվելիք պատգամավորների ծախսերն ավելացնելու նախագծին կոչ էր արել այն մերժել կան հետ կանչել և հավելել է, որ ինքը չի մասնակցի նիստին։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ 7-րդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից: «Եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200,000 դրամով»,-գրել է նա։