18 մարտի 2009 - 14:24 AMT
«Microsoft» ընկերությունը երկարացրել է «Երեւակայության գավաթ» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը մինչեւ 2009 թվականի ապրիլի 10-ը
«Microsoft» ընկերությունը երկարացրել է «Երեւակայության գավաթ» (Imagine Cup) մրցույթի հայտերի ընդունման ժամկետը մինչեւ ապրիլի 10-ը: Հետաքրքրությունը «Երեւակայության գավաթ» մրցույթի հանդեպ մեծ էր, հատկապես ուսանողների շրջանում, եւ մենք որոշեցինք երկարացնել հայտերի ընդունումը մինչեւ 2009 թվականի ապրիլի 10-ը»,-չորեքշաբթի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում «Microsoft» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, «Երեւակայության գավաթ» մրցույթը թույլ կտա ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին դրսեւորել իրենց:
«Երեւակայության գավաթ» մրցույթը մեկնարկել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին: «Երեւակայության գավաթը» (Imagine Cup) աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական մրցույթներից մեկն է, որն անցնում է մի քանի կատեգորիաներով: Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ, էնտուզիաստներ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողներ, անհատապես կամ թիմով: Մրցույթի հիմնական թեման տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով արդիականության բարդ խնդիրների լուծումն է:

Ինչպես հաղորդել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, այս տարի մրցույթի շրջանակներում 2 թեմա է առաջարկվել` առաջինը համակցվում է միջազգային «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» եւ տեղական «Հայաստանի զբոսաշրջության զարգացում` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Ըստ Ենգիբարյանի, արդյունքները կամփոփվեն 2009 թվականի մայիսին, իսկ հաղթողները կմեկնեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ 2009թ. հունիսին կանցնի մրցույթի եզրափակիչ փուլը: