ԳԹԿ փոխտնօրեն․ Մոտ 15,000 թափուր տեղ կա, այդ թվում՝ ոչ պետբուհերում

ԳԹԿ փոխտնօրեն․ Մոտ 15,000 թափուր տեղ կա, այդ թվում՝ ոչ պետբուհերում

PanARMENIAN.Net - Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ներկայացնելով ընդունելության մրցույթի արդյունքները, տեղեկացրել է, որ մոտավորապես 15,000 թափուր տեղ կա։ Նա նշել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է, որովհետև բացի պետական բուհերից` ընդգրկված են նաև ոչ պետականները։

Հուլիսի 19-ից 26-ը ներառյալ դիմորդները կարող են բուհերի թափուր մնացած տեղերի համար դիմել և մասնակցել մրցույթի։

«Այն դիմորդները, որոնք դրական միավորներով դուրս են մնացել բուհ ընդունվելուց, կարող են նորից հայտագրվել։ Դիմորդները կարող են ընտրել մինչև 6 մասնագիտություն, նշել տարբեր բուհեր, և այդ 6 մասնագիտություններում առավելությունը տրվելու է միավորին, այլ ոչ թե նրանց, ովքեր առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Մրցույթը կազմակերպվելու է հուլիսի 26-ից հետո, իսկ հուլիսի 30–ին կհրապարակվեն թափուր տեղերի համար դրա արդյունքները։

Խոսելով 2021-ի ընդունելության մրցույթի արդյունքներից՝ Նասիբյանը նշել է, որ եղել է 1800 անվճար և 21,820 վճարովի տեղ։ Միասնական քննություններին հայտագրված դիմորդների թիվը եղել է 11,058, ընդունվածների թիվը` 8083։

«Մրցույթից դուրս մնացածների թիվը կազմել է 2935, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կտրվել են քննությունից. 1546 դիմորդ։ Կտրվածների թիվը պետք է բաժանել 2 մասի, կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել և կան դիմորդներ, որ հանձնել են 1 քննություն և անբավարար են ստացել։ Իսկ այն դիմորդները, որոնք երկու քննություններից մեկը բավարար են ստացել, կարող են մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին»,– ասել է նա։

Նասիբյանի խոսքով` դիմորդների համար առաջին տեղում IT ոլորտի մասնագիտություններն են, պահանջված են նաև իրավագիտությունը, բժշկական մասնագիտությունները։

Եթե տարիներ առաջ շատ դիմորդներ ընտրում էին տնտեսագիտությունը` մասնավորապես ֆինանսներ և վարկ, կառավարում, ապա 2021-ին այդ բաժիններում նույնիսկ ամենացածր միավորներով ընդունվել են, այսինքն համարյա մրցույթ չի եղել։

Քիմիային առնչվող մասնագիտություններում այս տարի էլ գրեթե դիմորդներ չկան։ Թափուր տեղերի թիվը մեծ է նաև կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77%-ը։ ԿԳՄՍ–ն մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է:

Photo: Sputnik Armenia
 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է