18 մարտի 2009 - 14:43 AMT
Լիլիթ Մկրտչյանը կրկին Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների թվում է
Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարը: 9-րդ փուլում Մկրտչյանը սպիտակներով հաղթեց մրցաշարի առաջատարներից մեկին` վրաց շախմատիստուհի Սալոմե Մելիային: Մկրտչյանը մրցաշարի ավարտից 2 փուլ առաջ 7 միավորով առաջատարի իր դիրքը կիսում է յոթ այլ շախմատիստուհիների հետ: 9-րդ փուլում հաղթել են նաեւ Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար ադրբեջանցի Նարմին Կազիմովային եւ ռուսաստանցի Աննա Ստյաժկինային: Նելլի Աղինյանն ու Աննա Հայրապետյանը, հակառակը, պարտություն են կրել իրենց մրցակիցներից: 9-րդ փուլից հետո Գալոյանը հավաքել է 5,5 միավոր, իսկ Աղինյանն ու Անդրեասյանը` 5-ական միավոր, Հայրապետյանն ունի 3,5 միավոր:

Նախավերջին 10-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանն ուժերը կչափի մրցաշարի եւս մեկ առաջատար, լեհ Իվետա Ռայլիխի հետ: Իսկ Լիլիթ Գալոյանը սպիտակներով կխաղա Սիրանուշ Անդրեասյանի հետ: