«Պատիվ ունեմ»․ Իշխանությունը բոլորիս ներքաշելու է նոր վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր կորուստներով

«Պատիվ ունեմ»․ Իշխանությունը բոլորիս ներքաշելու է նոր վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր կորուստներով

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքը, անդրադառնալով ՀՀ սահմաններին իրավիճակին, լարվածությանը Երասխի ուղղությամբ, հայտարարել է, որ գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու «ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր տարածքային և մարդկային կորուստներով»։

Նշվում է, որ կյանքի է կոչվում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականությունը:

«Կապիտուլյանտ իշխանությունների՝ մեր հասարակությանը խոստացված անարժանապատիվ խաղաղությունը ոչ միայն մեր երկրին կայունություն, անվտանգություն և իրական անդորր չի բերել, այլև էապես մեծացրել է նոր ագրեսիայի հավանականությունն ու մեր անվտանգությանը սպառնացող վտանգները:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բավարարվել պատերազմում և պատերազմից հետո կորզած զիջումներով, այլ օգտվելով Հայաստանի իշխանությունների անարժանապատիվ կեցվածքից, ապիկարությունից, իրադրությունը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլյացիոն օրակարգ:Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարվածության բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիորեն աճում են, ինչը հղի է անդառնալի հետևանքներով:

Անվտանգության համակարգի անհրաժեշտ վերանայումների փոխարեն սրանք զբաղված են ընդդիմախոսների նկատմամբ տոտալ ճնշումների, սպառնալիքների և կալանավորման գործողություններով, իսկ «մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի:

Մնացած բոլոր դեպքերում, հատկապես՝ արտաքին թշնամիների հետ հարաբերություններում մկանների ցուցադրումը փոխարինվում է գլխիկորությամբ, ընկճվածությամբ և ծնկի իջնելու մեծ պատրաստակամությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու «ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար»:

Ասվում է նաև, որ նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ և ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը:

«Գործող իշխանությունն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգավոր ոլորապտույտի մեջ՝ հղի նոր տարածքային և մարդկային կորուստներով, ընդհուպ մինչև Հայաստանի պետականության վերջնական կործանում:

Կապիտուլյանտների հետագա պաշտոնավարումը մեր երկրին նոր արկածախնդրության շեմին է կանգնեցնելու, և որքան արագ սրանք հեռանան, այդքան կմեծանա մեր վիրավոր երկիրը վերականգնելու, կյանքը բնականոն հուն վերադարձնելու հավանականությունը

«Պատիվ ունեմ» դաշինքը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարն իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---