18 մարտի 2009 - 15:26 AMT
Էլինա Դանիելյանն անընդմեջ երկրորդ հաղթանակն է տարել Գրան-պրիի մրցաշարում
Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 9-րդ փուլում անընդմեջ երկրորդ հաղթանակն է տարել: Դանիելյանը սպիտակներով պարտության մատնեց Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտեին: Նշենք, որ սա Դանիելյանի թվով հինգերորդ հաղթանակն է այս մրցաշարում: 9 փուլերից հետո Հայաստանի ներկայացուցիչը 6,5 միավորով 3-4 տեղերն է կիսում հնդկուհի Համփի Քոներուի հետ:

Չնայած հնդկուհի Համփի Քոներուի հետ ոչ ոքիի, մրցաշարի առաջատարը կրկին չին Չժաո Սյուէն է: Նրա հաշվին 7,5 միավոր կա: Մեկ այլ չինուհի Իֆան Հոուն եւս ոչ ոքի խաղաց` ֆրանսուհի Մարիա Սեբայի հետ, սակայն իր երկրորդ դիրքը պահպանեց մրցաշարային աղյուսակում: Մյուս երեք պարտիաները եւս արդյունավետ էին` թրքուհի Յիլդիզ Բեթյուլ Քեմրեն հաղթեց չին Յան Շենին, շվեդուհի Պիա Կրամլինը` վրացուհի Մայա Չիբուրդանիձեին, իսկ Զեյնաբ Մամեդյարովան կրեց իր 7-րդ պարտությունը, այս անգամ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ:

Էլինա Դանիելյանին վերջին երկու փուլերում լուրջ մրցակիցներ են սպասում: Այսօր 10-րդ փուլում նա ուժերը կչափի Իֆան Հոուի հետ, իսկ վերջին 11-րդ փուլում նրա մրցակիցը կլինի մրցաշարի առաջատար Չժաո Սյուէն: