Փոխնախարար․ Covid-19-ի դեպքերն աճում են՝ 48 հիվանդ ծայրահեղ ծանր է

Փոխնախարար․ Covid-19-ի դեպքերն աճում են՝ 48 հիվանդ ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կառավարության նիստում հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի միտում կա։

«Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի որոշակի աճի տենդենց է գրանցվում, բայց շատ փոքր տեմպերով: Սակայն եթե անցած շաբաթ գրանցվում էր օրական առավելագույնը մինչև 200 դեպք, արդեն այս շաբաթ հատել ենք 200-ը, այսօր 225 դեպք է գրանցվել»,- ասել է նա։

Կանխատեսվում է, որ աճի միտումը կշարունակվի:

Հուլիսի 22-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 606 մարդ, որից 282-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 48-ինը՝ ծայրահեղ ծանր։

Փոխնախարարը, հաշվի առնելով հարևան երկրներում լարված համաճարակային վիճակը, զգոնության կոչ է արել և հորդորել պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Նա նշել է, որ միջինում օրական 5000 մարդ է պատվաստվում։

Նանուշյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների տոկոսը մեծ է, հիմնականում հոսպիտալացումներն ու մահերը գրանցվում են այն անձանց մոտ, որոնք պատվաստված չեն:

Հուլիսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228,161-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4575 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3797-ի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---