Քերոբյան․ ՀՀ-ում անգամ հովիվների պակաս կա՝ Տաջիկստանից, այլ երկրներից են բերում

Քերոբյան․ ՀՀ-ում  անգամ հովիվների պակաս կա՝ Տաջիկստանից, այլ երկրներից են բերում

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «խոպանչիներին բերման ենթարկելու» իր հորդորին, ասել է, որ կատակ է արել, բայցև հավելել է, որ Հայաստանում անգամ հովիվների պակաս կա՝ այլ երկրներից են բերում։

«Չեն կարողանում ճարել, ստիպված գնում են, տարբեր երկրներից հովիվ են բերում»,-նշել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանում կա խեղաթյուրված իրավիճակ՝ շատ մարդիկ «նստած են նպաստների վրա» և մնում են աղքատ, չեն գնում աշխատելու։ Նրանց էլ է կոչ անում կենսակերպը փոխել, հրաժարվել նպաստներից ու մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։

Անդրադառնալով իր նշած՝ հովիվների պահանջարկին՝ Քերոբյանն ասել է, որ դա որպես օրինակ է բերել։

«Կարող եմ այլ ուրիշ օրինակ էլ ասել. Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200,000 դրամով։ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում»,-ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը՝ արդոք իր կոչից հետո հայրենակիցները կգան ՀՀ-ում՝ իր ասած ոլորտներում աշխատելու՝ Քերոբյանը հիշեցրել է, որ երկու փոխնախարար է նշանակել, երկուսն էլ եկել են արտերկրից, խորհրդականներն էլ եվրոպական առաջատար երկրներից են։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կոչ է արել արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ երկիրն ամրացնելու ու զարգացնելու։ Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ աշխատողների սուր պահանջարկ կա շինարարության և այլ ոլորտներում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---