ՀՀ նախագահը՝ Ճապոնիայի վարչապետին․ Շահագրգռված ենք Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

ՀՀ նախագահը՝ Ճապոնիայի վարչապետին․ Շահագրգռված ենք Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։

Նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է նորարարության, սննդի անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում ճապոնական ընկերությունների հետ համագործակցությունը։ Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։

Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության և դրամաշնորհային ծրագրերի համար։

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ ճապոնացի հայտնի գործիչ Էիչի Շիբուսավայի գործունեությունը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է, և ճապոնական կողմը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Կողմերն ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը։ Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։

ՀՀ նախագահը մասնակցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---