Հովսեփյան․ Պարեկայինի արտաքին ձևավորումը կփոխվի, այդ թվում՝ լատինատառ գրվածքները

Հովսեփյան․ Պարեկայինի արտաքին ձևավորումը կփոխվի, այդ թվում՝ լատինատառ գրվածքները

PanARMENIAN.Net - Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումն առաջիկայում կփոխվի։ Այդ տեղեկությունը հայտնել է արդարադատության նախարարության միջազգային իրավական գործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը` անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին։

Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին տեսքի ձևավորում դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում, իսկ Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել` ասելով, որ մեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն:

«Պարեկային նոր ծառայության դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ պետմարմինների կողմից։ Սա նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել: Հաշվի առնելով քննադատությունները, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը»,- ասել է Հովսեփյանը` հավելելով, որ փոփոխությունները վերաբերում են նաև մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հայտնել է նաև, որ հուլիսի 26-ի դրությամբ արդեն իսկ 700 պարեկ է ծառայություն իրականացնում Երևանում, իսկ 8-9 ամիս հետո պարեկային նոր ծառայությունը կներդրվի Շիրակի և Լոռու մարզերում։

Հովսեփյանը նշել է` ծառայությունը Ճանապարհային ոստիկանությունը չէ, այն շատ ավելին է, և գործառույթներն ավելի շատ են։ Իսկ ինչ վերաբերում է պարեկների գործառույթներին, ապա, նրա խոսքով` հանցագործին վնասազերծելու համար պարեկն իրավունք ունի տարբեր գործիքներ կիրառել` մեքենային հարվածով կանգնեցնել, մարտավարական հմտություններ, ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչև ատրճանակ։

Նա հավելել է նաև, որ մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը ՀՀ ամբողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի։

Ավելի վաղ Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---