18 մարտի 2009 - 18:58 AMT
«Ժառանգությունում» Հայ ազգային կոնգրեսի կողմից իրենց հանդեպ նման վերաբերմունք չէին սպասում
Այսօրվա մամուլը, մասնավորապես, ընդդիմական թերթերը շատ կտրուկ եւ կոշտ արտահայտվեցին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսին չմիանալու եւ սեփական թեկնածու Արմեն Մարտիրոսյանի հետ ընտրություններին գնալու մասին «Ժառանգություն» կուսակցության որոշման վերաբերյալ:

«ՀԱԿ-ի որոշումը եւ «Ժառանգություն» կուսակցության քննադատումը ընդդիմական թերթերի կողմից չափազանց անտրամաբանական է: Հաղթանակը ընդդիմությանն է, իսկ ընդդիմությունը մեկն է, թեեւ նրան մարմնավորում են ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը»,- հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` ավելացնելով, որ կուսակցությունում Հայ ազգային կոնգրեսի կողմից իրենց հանդեպ նման վերաբերմունք չէին սպասում:

Նա նաեւ նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը վախենում է, որ ընդդիմության շարքերում առկա տարաձայնությունները, քննադատությունն ու անհասկացողությունը կհանգեցնեն ընդդիմության ընտրազանգվածի մի հատվածի կորստին: -ԱՊ-