ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է արվել

ՀՀ-ում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում: Այն իրականացվել է պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։

Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` Cure2Children բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, գրում է Aysor.am-ը։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի (ArmBMT)` ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:

Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների մոտ 85%-ին։

Երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։

«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար», - ընդգծել է Սամվել Դանիելյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը մամուլի ասուլիսում նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:

«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը լայնածավալ մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա», - հայտնել է Սիմոնյանը՝ հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։

Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։ Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։

Ընդամենը մի քանի տարի առաջ հայաստանցի հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում՝ շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---