ՄԻՊ․ Ադրբեջանցիները կրակում են բնակավայրերի ուղղությամբ՝ ահազանգեր կան

ՄԻՊ․ Ադրբեջանցիները կրակում են բնակավայրերի ուղղությամբ՝ ահազանգեր կան

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և սարատեղի կոչվող քաղբնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 28-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նշվում է, որ բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:

ՄԻՊ աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ամբողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:

«Այս հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---