Ֆրանսիան ՀՀ ու Ադրբեջանի միջև քաղգործընթացների վերսկսման կոչ է անում, բայց ոչ ուժի կիրառման ներքո

Ֆրանսիան ՀՀ ու Ադրբեջանի միջև քաղգործընթացների վերսկսման կոչ է անում, բայց ոչ ուժի կիրառման ներքո

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, որը, սակայն, պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, որն Էրեբունի ամրոցում մասնակցում էր Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։

«Ես ամբողջությամբ տեղեկացված եմ, որ այս պահին, երբ մենք այս միջոցառումն ենք իրականացնում, Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, զինված գործողություններ են։ Բնականաբար, մենք մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքների հետ ենք։ Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում այն համատեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացում կա»,- ասել է դեսպանը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքերով, սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ այն նաև հրադադարի խախտում է, որի պատճառով նաև ընդհանուր Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում։

Նա նշել է նաև, որ բնականաբար, շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի նախ իրավիճակի հանգստացմանը ներդրումն ունենան, ապա՝ քաղաքական գործընթացի վերսկսմանը։

«Բնականաբար այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին իրավիճակն է։ Չենք մոռանում նաև նոյեմբերի 10-ի հայտարարության այն կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան․ մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,-ասել է դեսպանը:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 3 զոհ և 3 վիրավոր։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---