18 մարտի 2009 - 21:37 AMT
Երեւանում կբացվի Արգենտինայի դեսպանությունը
2009թ. մարտի 17-ին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, ԱՀ արտաքին գործերի նախարար Խ. Տայանայի եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանի ներկայությամբ ստորագրեց Եր-անում Արգենտինյան Հանրապետության դեսպանության հիմնադրման մասին հրամանագիրը: Հանդիսավոր պայմաններում կայացած այս արարողությանը ներկա էին նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Բուենոս Այրեսի հայկական համայնքային կառույցների ղեկավարները, արգենտինահայ ճանաչված գործարարներ Էդուարդո Էուռնեկյանը, Մուրադ Էուռնեկյանը, արդարադատության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, Բուենոս Այրեսում լույս տեսնող հայկական թերթերի լրագրողներ:

Նախագահ Ք. Ֆերնանդես դե Կիրչները նախեւառաջ նշեց, որ Արգենտինայի նախագահի կողմից հրամանագրերի ստորագրման արարողակարգը չի նախատեսում այն հանդիսավոր պայմաններում եւ այլոց մասնակցությամբ իրականացումը: Սակայն, ավելացրեց, որ, «երբ խոսքը վերաբերում է բարեկամ ժողովրդին եւ բարեկամ պետությանը, կարելի է բացառություն անել»: Արգենտինայի նախագահը, բարձր գնահատելով արգենտինա-հայկական հարաբերությունների ներկա վիճակը, ընդգծեց, որ Երեւանում ԱՀ դեսպանության բացման մասին որոշումը, որն, ի դեպ, առաջինն է Հարավային Կովկասում, վկայում է «բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորոցման մեր ցանկության մասին»:

ՀՀ դեսպան Վ.Կարմիրշալյանը գոհունակություն հայտնելով Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ նշեց, որ Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը Հայաստանում թույլ կտա առավել օգտագործել երկու երկրների հնարավորությունները քաղաքական, տնտեսական մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:

Համայնքային կառույցների ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ դրսեւորած եղբայրական վերաբերմունքի, 2006թ.-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին օրենքի ընդունման եւ նախագահ Ն. Կիրչների կողմից այն վավերացնելու համար, նշեցին, որ «Երեւանում Արգենտինայի դեսպանության բացմամբ իրենք կունենան արգենտինյան տուն Մայր Հայրենիքում»:


ՀՀ դեսպանը Արգենտինայի նախագահին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Հրավերն ընդունվեց մեծ գոհունակությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

Արգենտինայի նախագահի հետ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո կայացավ արտգործնախարար Խ. Տայանայի եւ Հայաստանի դեսպան Վ. Կարմիրշալյանի համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: