18 մարտի 2009 - 22:57 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Երեւանն ու Անկարան քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: Նա ասել է, որ Երեւանն ու Անկարան բանակցությունների ժամանակ քննարկում են 1915 թվականի իրադարձությունները:

«Երրորդ կողմի ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ կարող են վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ խորհրդարանականներն ու խորհրդարանները իրազեկ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ կգործեն ամենայն պատասխանատվությամբ»,-հայտարարել է Ալի Բաբաջանը, գրում է International Herald Tribune-ը:

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոունը եւ Մարկ Քըրքը: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու կառավարությանը ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ գործած վայրագությունները, որոնք 1,5 մլն մարդու կյանք խլեց: