Սյունիքում հողամասերի օտարման աճուրդներում խախտումներ են եղել

Սյունիքում հողամասերի օտարման աճուրդներում խախտումներ են եղել

PanARMENIAN.Net - Սյունիքի Ալվանք համայնքում հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անցկացվել են խախտումներով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ալվանք համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. տարբեր ամիսներին, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված 2 հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր բարեկամների, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարն աճուրդը կայացած համարվելու և կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:

Աշխատակազմի ղեկավարն իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և, տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթի մասին, կազմել և ստորագրել հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը:

Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:

Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՔՕ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (կատարողի հետ մեկտեղ հանցակից է համարվում օժանդակողը):

Նախաքննությունն ավարտվել է, քրգործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---