Տաթևի նախկին ղեկավարը hետախուզվում է

Տաթևի նախկին ղեկավարը hետախուզվում է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ-ից 2021թ. փետրվար ամիսը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի հաշվեկշռին առկա JCB մակնիշի էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-ին՝ 20 օր, 2019-ին՝ 40 օր, 2020-ին՝ 45 օր, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15,000-20,000 դրամով, տրամադրել է ՍՊԸ-ին, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 14,400,000 դրամը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող մոտ 2,560,000 դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը, վատնելու եղանակով հափշտակել է։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2020թ. ամռանը, վերոնշյալ տեխնիկան մոտ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել մոտ 320 լիտր դիզելային վառելիք, իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված մոտ 400,000 դրամ գումարը բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

2021թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել՝ Տաթևի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերի յուրացում կամ վատնում պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է 5-7 տարի ազատազրկմամբ) քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (пաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---