ՊԵԿ․ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածի դեպքում դրանց մուտքը ՀՀ կարգելվի

ՊԵԿ․ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածի դեպքում դրանց մուտքը ՀՀ կարգելվի

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին չփորձել քողարկել ներմուծվող ապրանքների թուրքական ծագումն ու հայտարարում, որ ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը ՀՀ տարածք կարգելվի

Նշվում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել կառավարության որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով:

Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ:

«Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն»,-ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

44-օրյա պատերազմից հետո Կառավարությունը ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա։

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---