10 օգոստոսի 2021 - 12:29 AMT
Շիֆ․ Անթույլատրելի է ԱՄՆ-ի կողմից սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, որն ուժ է կիրառում հարևանի հանդեպ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը, մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա, ասել է, որ անթույլատրելի է ԱՄՆ կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ, հայտնում է «Արմենպրեսը»։

Նա հավելել է, որ այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունել է Փալոունի ուղղումը, որը, կոնգրեսականի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա:

«Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոնի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է չմատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը միշտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին:

2021 թ. հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փալոնի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին:

Photo. Getty Images