ՀՀ ԱԳՆ-ն՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին․ ՊԲ-ն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը

ՀՀ ԱԳՆ-ն՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին․ ՊԲ-ն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն բացահայտ կեղծիք է որակել ադրբեջանական կողմի այն պնդումները, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հայկական զորամիավորումները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Նշվում է նաև, որ առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում և Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է:

«Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 10-ի հայտարարությունը։

Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 10-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։

«Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։ Մայիսի 12-ից սկսված ՀՀ դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 11-ին հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---