ՀՀ-ում քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի շրջանակում գործակցության խորացումը

ՀՀ-ում քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի շրջանակում գործակցության խորացումը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում աշխատանքային այցով գտնվող ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևի հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում ՀՀ և տարածաշրջանի, այդ թվում Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական գործակցության խորացման հնարավորությունները։

Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ և ընդգծել է դրանք իրացնելու գործում Հայաստանի պատրաստակամությունը։

ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը ներկայացրել է տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

Ասավբաևը մասնավորապես անդրադարձել է ՏՐԱՍԵԿԱ-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի և միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության և գրավչության մեծացմանը։

Նա ներկայացրել է նաև ՏՐԱՍԵԿԱ ծրագրի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային և ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ասավբաևը հանդիպել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հետ։

Քննարկվել են ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում կառույցի և Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի համագործակցության հետագա ընդլայնմանը, ՏՐԱՍԵԿԱ-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Սիմոնյանն անդրադարձել է նաև մի կողմից ՏՐԱՍԵԿԱ-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի և մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։

ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցում է 13 երկիր` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան: ՀՀ-ն ծրագրին անդամակցում է 1993թ.-ից: Հայաստանը ներառված է ավելի քան 18 տեխնիկական աջակցության ծրագրերում, որոնցից 3-ը ընթացքի մեջ են։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---