Նախարար․ Ով չպատվաստվի` ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ կհանձնի

Նախարար․ Ով չպատվաստվի` ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ կհանձնի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ արդեն իրավական ակտերում որոշակի փոփոխություններ են կատարվում, որ այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն։

Նա հավելել է, որ կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճ է գրանցվում։

«Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում ենք նաև կորոնավիրուսի դեպքերի աճ։ Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որևէ հակացուցում, պետք է ամսական 2 անգամ թեստ հանձնեն»,- ասել է Ավանեսյանը, գրում է «Փաստինֆոն»։

Այն դիտարկմանը, թե չի՞ ստացվում, որ քաղաքացիներին անուղղակի ձևով պարտադրում են պատվաստվել՝ նախարարը նշել է, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր և անտեսանելի պատերազմ է։

Ավանեսյանը նշել է, որ մտավախություն ունեն հետագայում ալիքի բարձրացման և որպես պետություն ամեն ինչ պետք է անեն քաղաքացիներին պաշտպանելու համար։

Նա հավելել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք պատվաստման հետ կապված կոնկրետ հակացուցում կունենան, նման պահանջ չի կիրառվի։

Օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233,400 դեպք, որոնցից 221,919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---