Զինհաշմանդամներին աշխատանքի ընդունողները ֆինանսական աջակցություն կստանան

Զինհաշմանդամներին աշխատանքի ընդունողները ֆինանսական աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուն ֆինանսական աջակցություն կստանա։ Գործադիրը հաստատել է պետական աջակցության տրամադրման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ որոշման նախագծով առաջարկվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով և աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով, պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) հետ։

Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` նշված անձանց աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100,000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով:

Միջոցառումը կիրականացվի Զբաղվածության կարգավորման 2021թ. պետական ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում: Այն վերաբերելու է ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանուր առմամբ երբևէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱՍՀ նախարարին միջոցառման մեկնարկից որոշ ժամանակ անց ներկայացնել արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ ծրագրի արդյունավետությունը գնահատելու և այլ ոլորտներում ևս նմանատիպ գործիքների կիրառման նպատակահարմարությունը քննարկելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---