Գյումրիում Lufthansa-ի հաբ կարող է հիմնվել

Գյումրիում Lufthansa-ի հաբ կարող է հիմնվել

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Lufthansa-ի ներկայացուցիչներիի հանդիպմանը քննարկվել է Գյումրիում ավիաընկերության հաբ հիմնելու հարցը և Գյումրիի օդանավակայանից Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով թռիչքներ իրականացնելու հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը:

Կարևորելով Հայաստան-Գերմանիա գործարար կապերի ակտիվացումը՝ Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում երկու երկրի միջև գործակցության զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկարներ կան։ Ներկայացնելով Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկաները՝ նա ընդգծել է այդ ոլորտում հատկապես որակի վրա շեշտադրում անելու պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը խոսել է Գերմանիայից Հայաստան զբոսաշրջային հոսքեր ունենալու կարևորության մասին և ընկերության ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակել երկու երկրի միջև այդ հոսքերի ակտիվացման նպատակով համատեղ մարքեթինգային արշավներ կազմակերպելու հարցերի շուրջ։

Lufthansa-ի ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Հայաստանը նախընտրելի զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար, հետևաբար՝ իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու հնարավորությունը և պատրաստ են գործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանն ավելացրել է, որ գերմանական շուկան ևս շատ հետաքրքիր է Հայաստանի համար և այդ նպատակով օգոստոսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ճանաչողական այց Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 60 ընկերության մասնակցությամբ, որը լավ հնարավորություն է երկու երկրների զբոսաշրջային ներուժը ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Նորոգվում է վազքուղին, կառուցվում է նոր ժամանման սրահ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---