Կառուցապտողների հայկական ասոցիացիան մտահոգված է եկամտահարկի վերադարձի չեղարկմամբ

Կառուցապտողների հայկական ասոցիացիան մտահոգված է եկամտահարկի վերադարձի չեղարկմամբ

PanARMENIAN.Net - Կառուցապտողների հայկական ասոցիացիան իր խորին մտահոգությունն է հայտնել կառավարության հերթական նիստում քննարկված` Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիփոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը:

Նշվում է, որ հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft-ում:

«Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին:

Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Երևանում հիփոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կկրճատվի և 2025թ․ այլևս չի գործի։ Գործադիրը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծին։

Կրճատումը կկատարվի ըստ գոտիականության և ըստ տարիների, առաջին հերթին արտոնությունը կդադարի գործել կենտրոնում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---