ԱԳՆ․ Անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն անմիջապես կաջակցի Հունաստանին

ԱԳՆ․ Անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն անմիջապես կաջակցի Հունաստանին

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին՝ անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում, ասել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում:

Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա»,-ասվում է Հունանյանի պատասխանում։

Նա հավելել է, որ ՀՀ-ն կշարունակի ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնի եղբայրական հույն ժողովրդին։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---