Կառավարության ծրագիրը․ Անվատնգություն, 85,000 դրամ նվազագույն աշխատավարձ, 50,000 դրամ՝ մինչև 6 տ. երրորդ երեխաներին![]() 19 օգոստոսի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում: Որպես անվտանգության ապահովման գործոններ նշված են․ բանակի արդիականացումը, որը «սկսվել և մեծ ծավալով ընթանում է», ՀՀ ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և նրա դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: «Ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին: Նախապայմաններ չենք առաջադրել»,-ասել է Փաշինյանը։ Ծրագրում, որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: «Տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում: Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունն արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,-ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: Անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունն ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձևավորումն է: «Սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն․․․ Առաջիկա տարում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,-ասել է Փաշինյանը: Փաշինյանը ներկայացրել է կոնկրետ տնտեսական պարտավորությունները կամ հանձնառությունները՝ մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են. - ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%), - ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի - 10%-ից ցածր գործազրկության մակարդակ ապահովել: Սոցիալական ապահովության թիրախներն են. -նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, - նվազագույն աշխատավարձը սահմանել 85,000 դրամ, - վերացնել ծայրահեղ աղքատությունը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026թ. կառավարությունը նախատեսում է ունենալ մոտ 35,000 զբաղված և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 %-ը: 2020թ. այս ցուցանիշը 4 % է: Այսպիսով՝ Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 16,000 աշխատատեղ: Առաջիկա 5 տարում ծրագրով նախատեսվում է Հայաստանում կառուցել կամ նորոգել մոտ 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Նպատակ կա մինչև 2026թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբարատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը: Ըստ ծրագրի, նախատեսվում է նաև 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը, ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել բոլոր ընտանիքներին: Փաշինյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում շատ կարևոր համաձայնություն է ձեռք բերվել Հարավկովկասյան երկաթուղու հետ, որի համաձայն մինչև 2024թ. ՀՀ երկաթուղու ոլորտում պետք է մոտ 39 մլրդ դրամի ներդրում կատարվի: «Օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենանում՝ Հայաստանում հիմնադրվում է 2, ըստ էության, տեղական հայկական ավիաընկերություն՝ իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ ընդհակառակը՝ լավացնում է»: Նախատեսվում է նաև պահպանել 500 կմ վերանորոգված ճանապարհի նշաձողը: Միևնույն ժամանակ առաջիկայում սկսվելու է Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը: Փաշինյանը նշել է, որ հիմա լավ դինամիկայով ընթանում է Թալին-Լանջիք-Գյումրի հատվածի շինարարությունը, և ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը: Խոսելով առաջիկա 4 տարվա ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից հատկացվող 2.6 մլրդ եվրոյի փաթեթի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդտեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների ծրագիրը: «Հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այդ միջոցներից ուղղել նաև կրթության բարեփոխումներին, Երևանի տրանսպորտային կառավարման արդյունավետության և կանաչ, այսինքն՝ ավելի էկոլոգիական համակարգերի ներդրմանը: Հույս ունենք, որ այդ ֆինանսներից կներգրավենք նաև Հայաստանում ջրամբարաշինության ոլորտում: Պիտի հիշեցնեմ, որ մենք պլանավորում ենք ՀՀ-ում առաջիկա հինգ տարիներին նախագծել և/կամ սկսել 15 ջրամբարի շինարարություն»,-ասել է վարչապետը։ Ծրագրում Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպվել է որպես բաց քննարկման հնարավորություն: Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն, կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Կառավարության նիստում ընդունված ծրագիրը քննարկման կներկայացվի Ազգային ժողովում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |