19 մարտի 2009 - 21:06 AMT
Կառավարության գործունեությունն ուղղված է միջին եւ փոքր բիզնեսի աջակցությանը
Հայաստանի կառավարությունը մտադիր է լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել միջին եւ փոքր բիզնեսին աջակցելու նպատակով: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է աշխատել այդ ուղղությամբ, երբ որ Համաշխարհային բանկից ստացած 50 մլն դոլարը առեւտրային բանկերի միջոցով կբաշխվի միջին եւ փոքր բիզնեսի կազմակերպությունների միջեւ:

Հայաստանի ԱԺ պատգամավորները փետրվարի 18-ին վավերացրեցին Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագիրը 50 մլն դոլարի շուրջ «Միջին եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման հասանելիության ապահովման ծրագրով»:

Այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե միջոցների բաշխումից հետո ԿԲ-ն քայլեր կձեռնարկի նոր միջոցներ ներգրավելու ուղղությամբ: «Այսօր մեծ պահանջարկ ունի միջին եւ փոքր բիզնեսի վարկավորումը, եւ մենք պայմանավորվել ենք միջազգային կազմակերպությունների հետ ավելացնել միջոցներն այդ ոլորտի վարկավորման համար»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: