Փաշինյան․ Պետք է ԱԳՆ, որը կկիսի քաղպատասխանատվությունը երկրի համար

Փաշինյան․ Պետք է ԱԳՆ, որը կկիսի քաղպատասխանատվությունը երկրի համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին, հայտարարել է, որ երկիրը կանգնած է չափազանց լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ, որոնք կառավարելու, երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է ԱԳՆ և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:

«Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:

Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ, կարծում եմ, ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ»,-ասել է նա:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը:

Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով»։

Նա հավելել է, որ նախարարությունը փորձելու է իր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնեն երկիրը:

Հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել։ Օգոստոսի 19-ին նա ազատվել է պաշտոնից և կրկին նշանակվել իր նախկին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում։ԱԳ նախարար է նշանակվել 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---