Բժիշկը գումարով Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատ է տվել

Բժիշկը գումարով Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատ է տվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երևանում գումարի դիմաց բժշկի կողմից Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տրամադրելու փաստ։

Պարզվել է, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել՝ առանց պատվաստվելու Տ.Մ-ին Covid-19 համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ է տրամադրել։ Այնուհետև երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական ArMed.am համակարգում զետեղելու համար 2021-ի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021-ի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումար։

Նա միաժամանակ պայմանավորվել է վերջինիս հետ ևս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրև պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` Covid-19 համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:

2021-ի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ԱԱԾ: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է Covid-19 համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---