«Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին․ Արձագանքը համարժեք կլինի

«Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին․ Արձագանքը համարժեք կլինի

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ՝ նշելով, որ «արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք»։

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, կատարելով (վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով։

Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ»,- ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը պատահական չի համարում, որ այս «խայտառակ որոշումը» կայացվել է սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ:

«Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք», - ասված է հայտարարության մեջ։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Չարչյանի կալանավորման որոշմանը, գրել է, որ պրոֆեսորն այժմ՝ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությամբ, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայության դեպքում։

«Իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն, ընդունելով պարոն Չարչյանին, կատարելու է հանցագործություն»,-ասվում է գրառման մեջ։

Վերաքննիչը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Վդերջինս ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---