ԿԳՄՍՆ․ Պատմության դասագրքերը չեն խմբագրվում

ԿԳՄՍՆ․ Պատմության դասագրքերը չեն խմբագրվում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարարն Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները: Նա ասել է, որ պատմության դասագրքերը չեն խմբագրվում։

«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,– ասել է Անդրեասյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ է համարել նման լուրերը։

Ավելի վաղ Անդրեասյանը, անդրադառնալով ուսումնական պլաններին, հայտարարել էր, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:

Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։

Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---